BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Բաց երկնքից» շահում են բոլորը, իսկ Հայաստա՞նը

«Բաց երկնքից» շահում են բոլորը, իսկ Հայաստա՞նը
22.01.2014 | 17:19

Հայաստանի անկախությունն ապացուցեց, որ հայ ազգը հինը քանդելու, սեփականը ոչնչացնելու մեծ պոտենցիալ ունի: Դրա վառ ապացույցներից մեկն էլ հայկական ավիացիան է:

Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն օրերս մեծ հպարտությամբ նշեց. «Կառավարությունը որոշեց «բաց երկինք» քաղաքականությամբ միանգամից ազատականացնել շուկան»: Երկրորդ հպարտության հիմքն այն էր, որ « Զվարթնոցի» հին շենքը կքանդվի»: ՈՒշադրություն դարձնենք, որ երկու դեպքում էլ խոսքը քանդելու, ոչնչացնելու մասին է: Ինչպես ասում են` «ломать-не строить, душа не болит»: Ինչո՞ւ Հայաստանը, այնուամենայնիվ, որդեգրեց «բաց երկինք» քաղաքականությունը և դրան աստիճանաբար չգնաց, ինչո՞ւ որոշեց հրաժարվել ազգային ավիափոխադրողից: Խնդիրը բավականին լուրջ է և խորքային: «Բաց երկինք» ասվածը փորձում էին կիրառել դեռևս «Հայկական ավիաուղիների» ժամանակ: Հին ավիատորներից շատերն այսօր արդեն փաստում են, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերության սնանկացման գործընթացը սկսվեց «բաց երկինք» քաղաքականությունը իրականություն դարձնելու նպատակով: Այն չիրականացավ, քանի որ եղավ քաղաքական որոշում` Հայաստանի ազգային ավիափոխադրողը կդառնա ռուսական «Սիբիր ավիա» ընկերությունը: «Ճիշտ է, այդ պատճառով որոշակի ժամանակով կորցրինք հայկական օդաչուական փառահեղ դպրոցը: Սակայն այն վերականգնվեց «Արմավիա» ընկերության ձևավորման արդյունքում»,- մեզ ասում էին հին ավիատորները:
Այսօր արդեն ազգային ավիափոխադրող շուկայում չկա, և իրականություն է դարձել «բաց երկինք» քաղաքականությունը: Եթե մենք հետևենք, թե իշխանությունները տարբեր ժամանակներում ինչ քրտնաջանությամբ են փորձել ոչնչացնել ազգային ավիացիան, ապա պետք է ենթադրել, որ սա սոսկ պատահականություն չէ: Այլ նպատակաուղղված քաղաքականություն` թելադրված դրսից: Եվ անկախ այն բանից, որ ինչքան էլ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը փորձի լրագրողներին բացատրել, որ ազգային ավիափոխադրող հասկացությունը հայերի հորինածն է, միևնույն է, ինքը հո լավ գիտի ավիացիոն միջազգային օրենքներն ու կարգերը, որոնցում նշված է` ինչ է նշանակում ազգային ավիափոխադրող, և որ այն կարող է լինել պետական-մասնավոր կամ պետական մասնավոր համադրությամբ:
Այն, որ տարբեր միջազգային կառույցներին գուցե և ձեռնտու է Հայաստանն առանց սեփական ավիափոխադրողի, սակայն ի՞նչ է շահում դրանից Հայաստանը: Անտարակույս, ոչինչ, եթե ՀՀ քաղավիացիան ուզում է ապացուցել, որ «բաց երկնքով» ամբողջությամբ ազատականացվել է շուկան, դա ճիշտ չէ: Քանի որ մինչ այդ էլ Հայաստանի ավիացիոն շուկան բաց էր բոլոր ավիաընկերությունների համար և նույն ուղղություններով թռիչքներ էին կատարում ինչպես փոքր, այնպես էլ գերհզոր ավիաընկերություններ: Այս առումով անհասկանալի է, թե ազատականի ինչը ազատականացվի: Բայց ակնհայտ է մեկ այլ բան` չունենալով ազգային ավիափոխադրող, Հայաստանն իրեն կախվածության մեջ դրեց այլ երկրների ավիափոխադրողներից: Եվ որքան էլ կառավարությունը փորձի բացատրել, թե ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կստեղծի թռիչքներ ապահովող խմբեր, անիմաստ է։ Ստացվում է. «եկեք ամբողջը քանդենք, հետո, պետք եղած ժամանակ, արագի մեջ մի բան կանենք» տարբերակով է առաջնորդվելու քաղավիացիան: Բայց այդ մի բանը որքա՞ն օպերատիվ և պրոֆեսիոնալ կլինի:
Չմոռանանք, որ Ղարաբաղի ազատամարտի պատերազմում ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ընկերությունն էր օդում «կանգնած», չմոռանանք, որ Սիրիայի պատերազմի ժամանակ «Արմավիա» ընկերությունն էր, որ չվերթեր էր կատարում սիրիահայերի Հայաստան տեղափոխելու համար: Սրանք հարցեր են, որոնք երևի թե ոչ մեկին չեն հետաքրքրում։ Եթե հետաքրքրեին, ապա, կարծում ենք, Հայաստանի միակ բաց ճանապարհը` օդուղին, անտերության չէին մատնի:
Ընդհանրապես անտերությունը ՀՀ քաղավիացիայում բնորոշ երևույթ է: Եվ կարելի է ասել, որ այս ոլորտում ավելի շատ որոշիչ դեր ունի «Արմենիա օդանավակայաններ» ընկերության սեփականատերը: Այստեղ են որոշվում ոչ միայն չվերթերի սպասարկման գները, այլև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի լինել-չլինելու հարցը: Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր ասուլիսում նշել էր նաև, որ կառավարության որոշմամբ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պետք է քանդվի: Ինչո՞ւ այն պիտի քանդվի, ինչո՞ւ վաստակաշատ ճարտարապետի ստեղծագործությունը, որն իրականություն է դարձել հազարավոր շինարարների քրտինքով, մեկ մարդու քմահաճույքով պետք է ոչնչանա։ Այսինքն` աշխարհի երեսից ջնջվի Հայաստանի կյանքն ու պատմությունը արտացոլող մի հոյակերտ կառույց: Ինչո՞ւ են մեր իշխանությունները սիրով ոչնչացնում մեր ժողովրդի ստեղծածը: Մի՞թե եվրոպական որևէ երկիր իրեն նման բան թույլ կտար: Մի՞թե «Զվարթնոցը» կառուցվել էր, որ տասնյակ տարիներ հետո արժանանար խրախուսական պարգևի։ «Հավաքել կառույցի մակետը` այն դարձնելով ժամանցի կենտրոն»,- հավաստել էր Արտյոմ Մովսիսյանը: Կոպիտ ասած` «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի նկատմամբ ընտրված է «գնա մեռի, արի սիրեմ» տարբերակը: Արդյո՞ք այս ամենից շահում է Հայաստանը. այն տուժում է և հանուն ոչնչի:


Զարուհի ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ